Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Ֆրանսերենի

Ֆրանսերենի ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
1Fransia 
ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Ֆրանսերենի ամբիոնը` որպես ակադեմիական միավոր, ստեղծվել է 1948 թվականին` 1936 թ. ձևավորված օտար լեզուների ամբիոնի հիման վրա, որտեղ 1937 թվականից գործել է ֆրանսերենի բաժինը: 1949-50 թթ. ամբիոնի վարիչն է եղել Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայի շրջանավարտ Եվգ. Խաչատուրովան: Մոսկվայում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 1949-ին Երևան է վերադառնում Մարգարիտա Հայրապետյանը, որը 1950 թ. ստանձնում է ամբիոնի  ղեկավարությունը և պաշտոնավարում մինչև 1977 թվականը: 1978-1984 թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է բ.գ.թ., դոցենտ Աբրահամ Վարդապետյանը: 1984-ին այդ պաշտոնում նրան հաջորդում է բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանը` մինչև 2005 թվականը: 2006-2008 թթ. ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մանուկյանը, 2009-2010 թթ-ին՝ բ.գ.թ., դոցենտ Դոնարա Ղազարյանը: 2010 թ. դեկտեմբերից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում բ.գ.թ., դոցենտ Մելանյա Ղազարյանը։ 2013 թվականից ամբիոնի վարիչ է նշանակվում բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մանուկյանը: 

Գործունեության բոլոր տարիներին ֆրանսերենի ամբիոնը համալրված է եղել բարձրակարգ մասնագետներով, որոնց մի մասը Ֆրանսիայում և Լիբանանում հիմնավոր կրթություն ստացած, ֆրանսերենի խորագիտակ դասախոսներ են եղել (Ալիշան Բայրամյան, Ավետիս Եղիայան, Արամ Մինասյան, Գեղամ Շահինյան, Գագիկ Վահրամյան և այլք):

Ամբիոնի արգասավոր աշխատանքի ապացույցն է այն, որ ֆրանսերենի բաժինը տվել է բարձրորակ շրջանավարտներ, այդ թվում գիտության և մանկավարժության բնագավառներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչում ստացած այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Աթայանը, բ.գ.դ., պրոֆեսոր Արման Նազարյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Հակոբ Առաքելյանը, Նորայր Սանթրոսյանը, Մարտիրոս Մինասյանը և շատ ուրիշներ:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոսները, մանկավարժական գործունեությունից բացի, մշտապես զբաղվել են գիտամեթոդական ուսումնասիրություններով: Վերջին տարիներին լույս տեսած առավել ուշագրավ հրատարակումներից են Ա. Նազարյանի «Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկը» (համահեղինակ` Հ. Բաղդասարյան), դոցենտ Ն. Մանուկյանի «Բանաստեղծական նշանի ընկալման գեղագիտությունը» մենագրությունը, պրոֆեսոր Ա. Բարլեզիզյանի «Հայ-ֆրանսիական առնչությունները XIX դարում» մենագրությունը, «Արդի ֆրանսերենի բառագիտության  ձեռնարկը» և «Արդի ֆրանսերենի ոճաբանության  ձեռնարկը», պրոֆեսոր Վ. Ստեփանյանի «Տեքստի մեկնաբանություն» ձեռնարկը և այլն:

Ֆրանսերենի ամբիոնը բառարանագրության ուրույն կենտրոն է: Ամբիոնի դասախոսների հրատարակած բառարաններից հարկ է նշել Ա. Նազարյանի «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն ուսումնական բառարանը», նույնի՝ «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ՝ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ ու համարժեքներով» և «Ֆրանսերենի համեմատություն-դարձվածքներ՝ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ ու համարժեքներով» աշխատությունները, Ս. Գալստյանի և Ռ. Գալստյանի «Տնտեսագիտական երեքլեզվյան բառարանը», Ա. Բարլեզիզյանի «Հայերեն-ֆրանսերեն բառարանը» (40000 բառահոդված), ԵՊՀ-ի դասախոսների հետ համատեղ ստեղծած «Ֆրանսերեն-հայերեն բառարանը» (40000 բառահոդված):

Ամբիոնի դասախոսները կազմել են դպրոցներում գործող դասագրքեր` Կ. Ամիրյանի III և IV դասարանների, Վ. Ստեփանյանի և Ա. Աղավելյանի IX և X դասարանների դասագրքերը: Լուրջ աշխատանք է տարվում բուհական դասագրքագրության ասպարեզում: Լույս են տեսել Վ. Ղամբարյանի և Ա. Կապլանյանի մասնագիտական բաժինների II կուրսի (B1), Ս. Գալստյանի և Ռ. Գալստյանի I կուրսի (A2) ուսանողների համար նախատեսված դասագրքերը: Ամբիոնին կից գործում է նաև ասպիրանտուրա, որի շրջանավարտները հաջողությամբ պաշտպանում են իրենց ատենախոսությունները:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոսները վերջին տասնամյակներին լույս են ընծայել հարյուրավոր հոդվածներ հանրապետական ու միջազգային պարբերականներում, ժողովածուներում (դրանց մի մասը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հրատարակումներ են), մասնակցել են բազմաթիվ գիտաժողովների:

Ֆրանսերենի ամբիոնն այսօր սերտ համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, մեր հանրապետության, ԱՊՀ և եվրոպական և ֆրանսաիական մի շարք բուհերի հետ: Ամբիոնի նախաձեռնությամբ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը դարձել է «Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիա» միջազգային խոշոր կազմակերպության անդամ, որն ընդգրկում է աշխարհի 90 երկրների 774 համալսարան: Հիշյալ անդամակցության շնորհիվ է, որ համալսարանում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն` միակը հանրապետությունում: ՖՀԱ-ի տրամադրած  միջոցներով 2013թ.-ի մարտի 28-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ Ակադեմիական նվաճումների կենտրոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին  ՖՀԱ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի գլխավոր տնօրեն ` պրն. Աբդերահման Ռիդան, ՖՀԱ-ի Գլխավոր քարտուղար տկն. Վանդա Դիեբոլթը,  ՀՀ արտգործ նախարարի խորհրդական, Ֆրանկոֆոնիայի դեսպան` պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական՝ պրն. Ժան-Միշել Կասբարյանը,  լեզվի և հումանիտար հարցերով կցորդ՝ Ֆաբիեն Նեյրան, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան` տկն. Կրինա Ռոդիքա Պրունարիուն, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր պրն. Ժան-Ժակ Մոնտուան, Արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, Հայկական Ալիանս ֆրանսեզի տնօրեն` Սյուզան Ղարամյանը,  ներկայացուցիչներ` ԵՊՀ-ից, ԵՊՃՇՊՀ-ից, ՀՊՄՀ-ից:  

Ամբիոնը «Աշխարհի լեզվական պատկերը» ամենամյա միջազգային գիտաժողովի կազմակերպիչն է: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված ճանաչված լեզվաբաններ, ինչպիսիք են Կլոդ Աժեժը, Ժան-Կլոդ Բեակոն, Միքայել Ռինը, Վադիմ Կոլեսնիկովը և այլք:

Լինելով Ֆրանկոֆոնիայի կարևորագույն կենտրոն Հայաստանում` ամբիոնը ուժ ու եռանդ չի խնայում բազմաբովանդակ գործունեություն ծավալելու համար, ակտիվորոն համագործակցում է դպրոցների հետ, կազմակերպում համատեղ միջոցառումներ:

Երիտասարդ գիտնականները մշտապես գտնվում են ամբիոնի ուշադրության կենտրոնում: Միայն վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել մոտ մեկ տասնյակ երիտասարդ մասնագետներ, որոնցից երեքը` 2011 թվականին:

Ֆրանսերենի ամբիոնի առաքելությունն է դառնալ հանրապետությունում ֆրանսերենի բուհական դասավանդման առաջատար օղակ, ինչպես նաև ռոմանական լեզուների տիպաբանական ուսումնասիրությունների և կիրառական հետազոտությունների կենտրոն:

Ամբիոնն այսօր էլ զբաղվում է գիտական, մանկավարժական և ուսումնամեթոդական բեղմնավոր աշխատանքով և ունի բազում նոր ծրագրեր, որոնց անմնացորդ նվիրումով մասնակցում են թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:       

Ամբիոնում գործում են աշխատանքային խմբեր, որոնք օժանդակում են ամբիոնի աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելուն.

  1. Գիտաժողովների և սեմինարների կազմակերպման աշխատանքային խումբ - անդամներ` Ն. Մանուկյան, Կ.Գրգորյան, Մ. Ղազարյան, Վ.Զաքարյան:
  2. Դպրոցների հետ համագործակցության աշխատանքները համակարգող հանձնախումբ - անդամներ` Ռ. Գալստյան, Ս. Գալստյան, Ժ. Մինասյան, Մ. Մանուկյան, Հ. Գրիգորյան:
  3. Ամբիոնի կայքի թարմացման և տեղեկատվության տեղադրման համար պատասխանատու - Մ.Տեր-Գամանյան
  4. Ուսանողական գիտական ընկերության ղեկավար` Ա. Ստեփանյան, խորհրդատու` Ա. Արշակյան:
  5. Միջհամալասարանական համագործակցության և ֆրանկոֆոն հետազոտություններ Ակադեմիական նվաճումների կենտրոնի/ CRU- Erevan, AUF/ ղեկավար՝ Կ. Գրիգորյան, համակարգող՝ Մ.Տեր-Գամանյան:
  6. Գրադարանի հետ համագործակցության աշխատանքները համակարգող խումբ - անդամներ՝ Վ. Ղամբարյան, Ա. Կապլանյան:
  7. Մագիստրոսական ծրագրերի, մագիստրատուրայի և բակալավրիատի թեզերի մշակման պատասխանատուներ` Ա. Բարլեզիզյան, Ն. Մանուկյան, Կ. Գրիգորյան, Մ. Ղազարյան:

 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ